Այն, որ Հայաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչները համապետական ընտրությունների ժամանակ ակտիվանում են «մի ուրիշ ձևով», արդեն նորություն չէ: Սակայն եթե մինչ այժմ նրանց մասնակցությունը սահմանափակվում էր «տաշի-տուշիներով», հիմա արդեն դառնում են իշխող կուսակցության անդամ ու պատգամավոր դառնալու հայտ ներկայացնում: Օրերս նման ցանկություն հայտնեց և ՀՀԿ-ին անդամագրվեց ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ինչը միանշանակ չընդունվեց հասարակության շրջանում: Պարզվում է՝ նրա գործընկերները ևս միակարծիք չեն այս հարցում:
«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԳԻՏՈՒՆԻԿՆԵՐ»
ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ
(հիշեցնենք, որ երգչուհին արդեն մեկ անգամ պատգամավոր եղել է «Շամիրամ» խմբակցության կազմում)
-Կրկին պատգամավոր դառնալու ցանկություն չունե՞ք, տիկին Սարգսյան:
-Չէ, նման ցանկություն չունեմ, բայց կողմ եմ Շուշան Պետրոսյանի առաջադրմանը, քանի որ ինքը կկարողանա անել այն, ինչ բոլորիս պետք է:
-Շոու բիզնեսի քաղաքականացվածությունն ու կուսակցականացումն ինչի՞ կհանգեցնեն, ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք այդ գործընթացից:
-Շատ մեծ ակնկալիքներ ունեմ: Ծրագրեր կներկայացնեմ մեր Շուշան Պետրոսյանին, որոնք հետագայում կիրագործվեն: Ինքս ունեմ զարգացման ծրագրեր ու վստահ եմ, որ Շուշանը դրանք կատարողներից մեկն է լինելու:
-Ծրագրերն առնչվում են երգարվեստի՞ն (հետաքրքիր կլինի, ասենք, «Ռաբիսի վերացման մասին» օրինագծի քննարկումը պատգամավոր երգիչ-երգչուհիների մասնակցությամբ. փաստորեն, այս խորհրդարանն էլ տխրելու առիթ չի տա ):
-Ինչո՞ւ միայն երգարվեստին: Մենք ունենք գիտունիկներ: Շուշան Պետրոսյանը շատ գրագետ աղջիկ է, փոքրուց եմ ճանաչում, տեսեք՝ ինչպիսի գենետիկա ունի՝ նկարչական արվեստ, քանդակագործություն, թատրոն, կինո, օպերա: Այս բոլոր ոլորտներում նա կկարողանա օգտակար լինել:
«ԿԱՐՈՂ Է ԵՎ ՈՉԻՆՉ ՉԱՆԵՆ, ՈՒ ԱՆԻՄԱՍՏ ԼԻՆԻ»
ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆ
-Չե՞ք ցանկանում հետևել Շուշան Պետրոսյանի օրինակին:
-Ոչ, չգիտեմ, թե ինչու են ինձ նման հարցով զանգում:
-Ձեր վերաբերմունքը ճշտելու համար:
-Իրենց գործն է, ինձ առանձնապես հետաքրքիր չէ:
-Շոու բիզնեսի ներկայացուցիչների ներկայությունն ԱԺ-ում անիմա՞ստ եք համարում:
-Կարող է և շատ լավ աշխատեն, ու իմաստավոր դառնա, կարող է և ոչինչ չանեն, ու անիմաստ լինի: Կարծում եմ, քաղաքականությունը բարդ ոլորտ է, ու ես ինձ այնտեղ չեմ տեսնում, թե ուրիշները ինչպես են վարվում` իրենց խնդիրն է: Ես չեմ կարող ասել` ինչպես ինձ կդրսևորեմ, էլ ուր մնաց ասեմ՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներն ինչպես իրենց կպահեն:
«ՄԵՆՔ ԴՐԱ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ»
ԼԵՅԼԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
-Պատգամավոր դառնալու հավակնություն չունե՞ք:
-Չէ, չէ, չէ: Նման ցանկություն բացարձակապես չունեմ:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում շոու բիզնեսի քաղաքականացմանը:
-Վատ:
-Ինչո՞ւ:
-Կարծում եմ՝ արվեստագետը, եթե իսկապես այդպիսին է, պիտի իր գործով զբաղվի: Բայց եթե մարդիկ համարում են, որ իրենք արդեն պիտի լինեն քաղաքականության մեջ, թող լինեն: Դա իրենց անձնական խնդիրն է, մենք դրա մեջ մտնելու իրավունք չունենք:
Ճեպազրույցները՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ